Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

ՍԵՎ ԿԱՏՈՒ ԵՎ ՍՊԻՏԱԿ ԳԼԽԱՇՈՐ

ՍԵՎ ԿԱՏՈՒ ԵՎ ՍՊԻՏԱԿ ԳԼԽԱՇՈՐ
23.10.2009 | 00:00

Վրեժ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

ՊԱՏՄՎԱԾՔ

Գարնան առաջին օրը պետության ու գրող Վարուժանի միջև սև կատու անցավ: Քանի որ պետությունն ինքն իր առանցքի շուրջը չէր կարող պտտվել, իսկ քամակ կմճտելն էլ այդ չարագուշակ դիպվածը փճելու համար անիմաստ հնար էր, թողեց, որ գրողը սև կատվի հետ վարվի իր հայեցողությամբ: Գրող Վարուժանն այլ բանի ընդունակ չէր. սև կատվին առավ իր մեջ և տրվեց ոգելից խմիչքներին: Խմում էր ու արբունքի ամենաթեժ պահին թաթերն առաջ պարզած, կուրծքը հետ գցած` մլավում. «Մյաո՜ւ... մյաո՜ւ»: Մլավոցներով, ծուղրուղուներով ու հաչոցներով սրճարաններին չես զարմացնի: Ընտրական և նախընտրական տենդի մեջ մխրճված հասարակությունն իր անդամների կենդանական հակումները լուռումունջ մարսում էր: Գրող Վարուժանը մեկ այլ ախտով էլ վարակվեց. հանդգնեց Աստծո սխալները համրել: Աստծո առաջին և հիմնարար սխալը հային հայ ստեղծելն էր: (Սխալների մայր ցուցակում թուրքը չկա: Շատ ավելի ուշ նա հայտնվեց սխալների ենթաբաժնում): Մյուս սխալը, ըստ գրող Վարուժանի, հնոցապան Անդրեին դրկից հարևան կարգելն էր: Այս սխալի համար հետագայում նա երախտագիտական խոսքեր է հղելու առ Աստված, իր միջից հանելու է սև կատվին, գլխին սպիտակ գլխաշոր է կապելու և այն դարձնելու է «Իրավունքը de facto» թերթում տպագրվող իր հերթական պատմվածքի վերնագիրը: Ով կարդա այն, ծիծաղելու է երկրագնդի գլոբալ տաքացման վարկածի վրա, արհամարհելու է աշխարհի բոլոր սահմանադրական դատարանները, բաց և փակ սահմանները... և այլևս ոչ մեկին չի հետաքրքրելու, թե ով է լինելու այս կամ այն երկրի հաջորդ նախագահը:
Առաջին սխալի մասին աշխարհը գիտի: Որքան էլ պատմությունը ջանա ուղղել այն, ինչն անուղղելի է, միևնույն է, Բարձրյալը, որպես պատվախնդրության մարմնացում, ինքն իր սխալին տեր է կանգնելու: Որպեսզի հեղինակին աստվածուրացության ու ազգուրացության մեջ չմեղադրեք, նորից եմ շեշտում` այն, ինչ ասվում է կամ չի ասվում, այն, ինչ մնում է տողատակերում ու տողատակերից դուրս, գրող Վարուժանի դիտարկումներն են: Ինքս անձամբ նրա հայացքները չեմ կիսում: Իմ և պետության միջև սև կատու չի անցել, ես չեմ մլավում, ընտրություններին բարեխղճորեն մասնակցում եմ և ընտրում եմ ում որ հարկն է: Իսկ Վարուժանն ասում է. «Ազատ խոսքի իրավունքը նույնիսկ աստվածները չեն վիճարկում»:
Երկու հայ, մեկը` հնոցապան, մյուսը` գրող, միմյանց դրկից հարևան դարձան: Հնոցապան Անդրեն ինչ-որ բան հասկանալու համար գլուխ չէր պատռում, ինչի ձեռք էր տալիս` լինի հաց, աթոռ, ծաղիկ թե մարդ, դարձնում էր իր սեփականությունը, իր կյանքի պատմության մի թրթիռը: Ոչ մի փիլիսոփա չէր կարող մեկնաբանել, թե ինչ է զգում Անդրեն, երբ խորաթափանց հայացքով դիտում է իր ավտոտնակը, որի դուռը տարին երկու անգամ ներկում էր և միշտ տարբեր գույնի, թե ինչու, ննջարանից աթոռը հյուրասենյակ տարավ, ինչու փոշմանեց և նորից ննջարան բերեց...
Պետական ատյաններից ամենաշատը սահմանադրական դատարանն էր սիրում, որի գործառույթը, իր պատկերացմամբ, մարդկանց միջև սահման գծելն ու այն սրբորեն պահպանելն էր։ Թե չէ` ինչի՞ նման է, մեկ էլ տեսար, իր պես մի հնոցապան վարչապետի ոտքն է տրորում, մի ծակգրպան ուսանող նախագահին խելք է սովորեցնում։ «Եթե բոլոր սահմանները բացվեն,- ասում էր նա,- կովերը կսկսեն ցուլի վրա թռնել»։ Անդրեն իր կյանքի տերն էր։ Այն, թե մեծավորներն իրենց գանձը բեռնատարո՞վ, թե՞ գնացքով են կրում, իր բանը չէր։ Սոխի և ձմերուկի պակասության դեպքում ավելի էր մտահոգվում, քան իշխանությունների փոփոխության ջղաձիգ դրսևորումների ժամանակ։
Հայի այս տեսակին գրող Վարուժանի պես հարևան պարգևելու գաղափարն Աստված հղացավ մութ և ցուրտ հաղթանակի տարիներին (այսպիսի փառահեղ ածականներ իրենց հաղթանակի համար միայն հայերը կարող էին հորինել)։
Գրող Վարուժանը հնոցապան Անդրեի հակապատկերն էր։ Ինչի ձեռք էր տալիս՝ չորանում էր։ Ժխտում էր այն ամենը, ինչը կարելի է ժխտել, և այն ամենը, ինչն անժխտելի է։ Ծաղրում էր իր կերած-խմած հացն ու ջուրը, իր երկրի սահմանադրական դատարանն ու բոլոր սահմանները` բաց, թե փակ։ Կնոջ առած սոխն ու ձմերուկը չէր տեսնում, հայրենական արտադրության պատգամավորների արտասանած կամ չարտասանած, իր լսած կամ չլսած բոլոր ճառերը կոչում էր ճամարտակություններ։ Հայերից թռցրած ածականներով թուրքերին էր նախշում, թուրքերից գողացածներով՝ հայերին։ Էլ ի՞նչ կարելի է ասել. հա՛ ճչում էր, գոռում, մլավում, մի խոսքով՝ ինքն իր թշնամին էր ու կնոջ հոգեառը։
Ահավասիկ, երկու հայ, մեկը` պատմություն շնչող, մյուսը՝ արտաշնչող. այս երկու գործոնի համադրության վրա էլ կառուցվեց դրկից հարևանների հարաբերությունը։
-Հարևան ջան,- դեռ աստիճանների վրա գրող Վարուժանին չանթելով՝ ասաց հնոցապան Անդրեն,- քեզ Աստված է ուղարկել, որ իմ կյանքի պատմությունը գրես։
-Այո,- ասաց Վարուժանը։
-Ե՛վ դու կշահես, և՛ ես,- ասաց հարևանը։
-Այո՛,- ասաց Վարուժանը՝ խոսակցությունը ցրելու ակնհայտ շեշտով։
-Ես քայլող վեպ եմ,- ասաց Անդրեն,- էն գրողը, որն իմ կյանքը ըմբռնեց, աշխարհը կնվաճի։
Գրող Վարուժանն աշխարհը նվաճելու ցանկությամբ չէր տառապում, բայց հարևանների հետ բնականոն հարաբերություններ պահպանելու կարևորությունը գիտակցում էր։ Ինքն անպիտան տանտեր էր. ջրի ծորակն էր փչանում, կինը Անդրեի օգնությանն էր դիմում, գազի արտահոսք էր՝ Անդրեն կա ու կա։ Տակի և վերևի հարևանների հետ հարաբերությունների ճշգրտման հարց էր ծագում, դարձյալ Անդրեի կարիքն էր զգացվում։ Տուն էր, Աստված չանի, մի բան էր պատահում, առաջին հասնողը նա էր։
-Կարդացել եմ գրքերդ,- ասաց Անդրեն,- էնքան էլ վատը չեն, բայց երևում է, որ գրելու բան չունես։
-Երևի,- ասաց Վարուժանը,- երևի չունեմ։
-Մի՛ մտածիր, ես քեզ կօգնեմ։
Ասում էր ու օգնում։ Արդեն հազարերորդ անգամ պատմում էր իր և Լենայի (կնոջ անունն էր) սիրո պատմությունը։
-Ես սիրում եմ Լենային, իսկ Լենան՝ ինձ։
-Այո,- ասաց գրող Վարուժանը,- հետաքրքիր պատմություն է։
-Կարևորը սերը չէ,- ասաց Անդրեն։
-Իսկ ի՞նչն է կարևորը,- հոգոց հանելով՝ ասաց Վարուժանը։
-Կարևորն այն է, որ Լենան չգիտի, որ իրեն սիրում եմ։
-Ասա՛ նրան։ Ասա՛, որ սիրում ես։
-Հարևան ջան, գրող ես, բայց նրբությունները չես ջոկում։ Սերն ասելով չի լինում։
-Չի լինում, մի՛ ասա։
-Էդպես ո՞նց կլինի։
-Ախր, ի՞նչ մի հետաքրքիր բան կա սիրելու կամ չսիրելու, իմանալու կամ չիմանալու մեջ,- նյարդայնացած ասաց Վարուժանը։
-Լսիր,- ասաց Անդրեն,- ես չէ, որ քեզ պետք է բացատրեմ այդ ամենը։ Ես ընդամենը հնոցապան եմ։ Մեռած փեշակի տեր հնոցապան, որը սիրում է Լենային։ Լենան էլ հնոցապանի կին է, որը չգիտի, որ իրեն սիրում են։ Ո՞վ պետք է մատուցի մեր կյանքն այնպիսին, ինչպիսին այն կա։
-Անդրե ջան,- գրեթե աղերսելով` ասաց Վարուժանը,- ես սիրո մասին չեմ գրում։ Չի ստացվում։ Հարցրու կնոջս։
-Խոսքն իմ և Լենայի սիրո մասին է,- ասաց Անդրեն,- եթե մի բան քո մոտ չի ստացվում, չի նշանակում, թե դրա մասին չպետք է գրես։
-Ես վատ գրող եմ,- բորբոքվեց Վարուժանը,- իմ կյանքն էլ չի ստացվում, սերն էլ, գրելը՝ առավել ևս։
-Մի հուզվիր, հարևան ջան,- սառն ասաց Անդրեն,- սերն այնպիսի բան է, որ երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ։ Եթե ես գրող լինեի, իսկ դու՝ հնոցապան, քո չստացված կյանքի մասին մի այնպիսի բան կգրեի, որ ինքդ քեզնով կհիանայիր։
Գրող Վարուժանը զայրացած տուն մտավ և բնակարանը փոխելու վերաբերյալ կնոջը վերջնագիր ներկայացրեց: Կինն ամուսնուն քաղաքավարի բացատրեց, որ ճակատագիրն իրենց Անդրեի ու Լենայի պես հարևան է պարգևել, և դրանից հրաժարվելը գրեթե էշություն է: Հետո ասաց, որ ինքը նախանձում է նրանց, ասաց, որ ամբողջ կյանքում երազել է ապրել պարզ կյանքով` սիրել, սիրվել և կյանքն ընդունել` ինչպիսին որ այն կա: Երազել է ունենալ մի ամուսին, որ իր կյանքի տերն է ու ընտանիքի տիրակալը:
Վարուժանն ասաց, որ էշություն է, թե ինչ, ինքը չգիտի, բայց առաջին իսկ պատեհ առիթի դեպքում կիրագործի իր մտադրությունը: Պատճառի մասին ամուսնու բացատրությունը կնոջն աշխուժացրեց.
-Մեծ բան... մեխ խփել չգիտես, ջրից ու գազից բոբիկ ես, փող չունես, որ հաշվես, իմացածդ մի բառ էս կողմ, մի բառ էն կողմ դնելն է... էն էլ երևակայում ես:
-Ես հնոցապան Անդրեի սիրո պատմագիրը չեմ:
-Եթե սիրո պատմություն չունես, պարտավոր ես Անդրեի ու Լենայի սիրո պատմությունը գրել: Հոյակապ վեպ կստացվի:
-Զզվում եմ,- նետեց Վարուժանը:
-Գնա, գնա կոյուղի մաքրել սովորիր,- ասաց կինը,- վատ արհեստ չի: Համ էլ քո մասնագիտությանը մոտ բան է: Թե չէ հարյուր բնակարան էլ փոխես, նույն Վարուժն ես մնալու:
Կնոջ հեգնական հորդորը Վարուժանին հունից հանեց: Նախնիներից փոխ առած և արվեստագետների շրջանում հարգանք վայելող լուտանքների տոպրակից հանեց ամենաազդեցիկ հայհոյանքները և գործի անցավ: Երանի՜ ընթերցողներին, որ իրենց սիրած գրողից հեռու են ապրում, երանի գրաքննադատներին, որ Վարուժանի ոսկեղենիկ բառապաշարը միայն գրվածքների մեջ են փնտրում: Ոչ երանի գրողի կնոջը, որին վիճակված է կուլ տալ ամուսնու մաղձը:
-Ա՜յ, սա Վարուժանն է, այս Վարուժանին միայն ես եմ ճանաչում, այս Վարուժանը լույսի արագությամբ գնում է դեպի քարանձավ...
-Էս ի՞նչ բան է,- առանց դուռը թակելու ներս մտավ հնոցապան Անդրեն,- էս ո՞վ է իմ ազիզ հարևանին բարկացրել:
-Էծերը եկել են,- ասաց կինը և պատշգամբ քաշվեց:
-Հիմա ես իմ հարևանի էծերը կքշեմ, - ասաց Անդրեն և դուրս ելավ:
Քիչ անց, օղու շիշը ձեռքին և դարձյալ առանց դուռը թակելու, ներս մտավ:
-Զարմիկս է Արցախից ուղարկել: Մեռոն է, մեռոն...
Օղին, առավել ևս թթի օղին, հաշտեցնում է տղամարդուն աշխարհի հետ: Օղու և Վարուժանի հանդիպման կարճատև պահերին պետությունները շունչ են քաշում, սահմանադրական դատարանը մնում է իր բարձունքի վրա, ոստիկանները նկարիչներին պատիվ են տալիս, գարնան առաջին օրերը բացվում են որպես գարնան առաջին օրեր, սև կատուները մլավում են կուշտ կերած կատվի գոհունակությամբ: Հնոցապան Անդրեն, որը ստեղծված էր Պարսից ծոցի ճգնաժամը առանց վառոդի, մեկ օրում լուծելու ներուժով, գիտեր, թե ով ինչ թթխմորից է հունցված, և գրող Վարուժանից մի քանի բաժակաչափ ժամանակահատվածում մի այնպիսի շունչ ստացավ, որ կինն ամուսնուն սիրահարվելու սխալը քիչ մնաց մեկ անգամ էլ թույլ տա:
-Հարևան ջան,- շուրթերը լպստելով` ասաց Անդրեն,- եթե դու իմ և Լենայի սիրո պատմությունը գրես, վստահ եղիր, որ Շիրազից էլ մեծ գրող կդառնաս:
-Գրելու եմ,- ասաց Վարուժանը,- ցնցող պատմություն է` Անդրեն` Լենային, Լենան` Անդրեին... Անդրեն գիտի, որ սիրում է, Լենան չգիտի, որ սիրվում է: Եվ ամենակարևորը` սերն ասելով չի:
-ՈՒրիշ բան էլ կա,- ասաց Անդրեն,- ինքդ կզգաս, հենց սկսես գրել:
-Գիտեմ,- ասաց Վարուժանը,- սերը սկսվել է մանկատնից և ձգվում է արդեն 30 տարի:
-Մանկատունն էլ կարևոր մանրամասն է, բայց ուրիշ բան կա... շատ ավելի կարևոր բան... այնպիսի բան, որ ոչ ասվում է, ոչ գրվում: Ո՛չ ինձնից է կախված, ո՛չ էլ Լենայից:
Գրող Վարուժանը գլուխը տմբտմբացնում էր, իբր ամեն ինչ հասկանում է: Իբր այդ սքանչելի սիրո պատմությունն ափսոս է, որ գրականություն չդառնա: Իբր ինքը երջանիկ է, որ Անդրեի ու Լենայի պես հարևաններ ունի, որոնք էս անհամ կյանքին համ ու հոտ են տալիս:
Թթի օղին իր գործն էր անում: Հնոցապան Անդրեն` իր, իսկ Վարուժանի կինը պատշգամբի անկյունում կծկված` իր դժբախտությունն էր ցրում, պատշգամբի հաշվին խոհանոցն էր ընդարձակում կամ էլ հակառակը: Վարուժանը յոթերորդ երկնքում էր: Ցավոք սրտի, մեզ հասու չեն յոթերորդ երկնքի անցուդարձերն ու ելումուտերը, նույնիսկ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն են յոթերորդ երկնքի դարպասների մոտ անօգնական դառնում: Ո՞Ւր գնաց, ո՞ւմ տեսավ, ինչ ասաց ու ինչ լսեց Վարուժանը, միայն ինքը գիտի: Յոթերորդ երկնքից չեն իջնում, գահավիժում են: Քիչ հետո թե՛ մենք, թե՛ անվտանգության աշխատակիցները և թե «Իրավունքը de facto» թերթի ընթերցողները կտեսնեն, թե ինչպես է գրողը ցած նետվում յոթերորդ երկնքից, և ինչպես է ջարդուփշուր լինում այն, ինչը կոչված էր դառնալու երկու քնքուշ էակների` Անդրեի և Լենայի սիրավեպը: Անդրեն սիրում է Լենային, Լենան` Անդրեին: Լենան չգիտի, որ Անդրեն իրեն սիրում է: Անդրեն չի ասում, որովհետև սերն ասելով չի: Եվ մի կարևոր բան կա, որ ո՛չ Անդրեից է կախված, ո՛չ Լենայից: Էդ կարևոր բանը Վարուժանը կզգա, հենց սկսի գրել:
Գրող Վարուժանը գլուխը բարձրացրեց և անասելի հուսահատ ձայնով գոռաց.
-Գայանե՜... Գայանե՜...
Կինը տագնապահար մոտեցավ ամուսնուն, որ գլուխը գրկի ու ներումի խոսքեր շշնջա ականջին: Անդրեն ուսերը թոթվեց, իբր` մեղավոր չեմ:
-Մի գոռա, Վարուժ ջան, ամեն ինչ լավ կլինի:
-Գայանե՜,- շարունակեց գոռալ Վարուժանը,- Անդրեն զոհվեց, գարնան առաջին օրը...
-Ամոթ է, Վարուժ, Անդրեն կողքիդ նստած է:
-Իմ աչքերով տեսա... Անդրեն զոհվեց... գարնան առաջին օրը... Հորս արև, տեսա՜... ծիծեռնակը կտուցով խփեց...
-Հարևան ջան,- ասաց Անդրեն,- ես կողքիդ նստած եմ:
Վարուժանը նայեց կնոջը, նայեց Անդրեին, կուրծքը հետ քաշեց, կռփամարտիկի պես թաթերը առաջ պարզեց ու աղեկտուր մլավեց.
-Մյաո՜ւ... մյաո՜ւ... փըֆ...
-Ես գնամ,- ասաց Անդրեն,- վաղը Լենայի ծնունդն է... սպիտակ գլխաշոր եմ նվիրելու, հարմար բան չգտա:

Դիտվել է՝ 2924

Մեկնաբանություններ